Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Պետք չէ Բրյուսելը պահել նշանակետի տակ»

«Պետք չէ Բրյուսելը պահել նշանակետի տակ»
17.06.2008 | 00:00

Հարցազրույց ԱԳ նախարար ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ հետ:

-Պարոն Նալբանդյան, հունիսի վերջին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Կարծես տարընթերցում տեղի ունեցավ. սկզբում նշվեց, որ այցը կկայանա հունիսի կեսերին, հետո նշվեց այլ ժամկետ: Տարընթերցումը զուտ տեխնիկակա՞ն էր, թե՞ այլ պատճառներ էլ կային:

-Հասկանում եմ մատնանշումի տողատակը և խորհուրդ տալիս` ենթատեքստեր չփնտրել: «Խնդրո առնչությամբ» մամուլի հրապակումներն ասեկոսեներ էին` ոչ լուրջ մոտեցման արդյունք և ուրիշ ոչինչ: Սերժ Սարգսյանի` որպես Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին այցը, այո, տեղի է ունենալու Ռուսաստան. այն լինելու է բովանդակությամբ հագեցած ու բավականին մեծ այց:

-Վերջնական օրակարգը ճշտվա՞ծ է:

-Գիտե՞ք, այդպիսի այցելությունների ժամանակ պայմանավորվածություն է լինում երկու կողմերի միջև` հայտարարել այցի մանրամասները: Երբ լինի նման պայմանավորվածություն, խնդրեմ, կարող եք դիմել:

-Ի դեպ, երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում արդեն իսկ կայացել է։ Հայկական մամուլը, անդրադառնալով այդ հանդիպմանը, արձանագրեց, որ «մեզ» ասվել է` կարգի բերել հայաստանյան ներքաղաքական կյանքը, հորդորվել է թույլատրել հունիսի 20-ի հանրահավաքը:

-Երկրորդեմ` նման ասեկոսեների ես չեմ արձագանքում:

-Իսկ ե՞րբ է տեղի ունենալու Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա:

-Նույնը պետք է ասեմ. երբ երկու կողմերի միջև պայմանավորվածություն լինի այցի օրը հայտարարելու մասին:

-Օրերս նոր կարգավիճակով, որպես ԱԳ նախարար, Դուք մասնակցեցիք Բրյուսելում տեղի ունեցած «26+1» ֆորմատով հանդիպմանը, և՞...

-Մենք Բրյուսելում էինք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ուր Հյուսիս-ատլանտյան երկրների` «26+1» ֆորմատով պետք է լսվեր զեկույց` ՆԱՏՕ-Հայաստան անհատական համագործակցության մասին: Պետք է ասել, որ զեկույցն ընդհանուր առմամբ բավականին դրական գնահատվեց: Առաջիկայում ևս մեկ բրյուսելյան այց կա իմ աշխատանքային օրակարգում. այն ունենալու է բոլորովին այլ ձևաչափ` հանդիպումներ են տեղի ունենալու Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

-Վիբրացիոն առումով մի քիչ շատ չե՞ն մեր այցերը դեպ Բրյուսել. այս պահին կրկին Բրյուսելում է ՀՀ պաշտպանության նախարարը, և եթե հաշվի առնենք, որ Հայաստան-ՆԱՏՕ անհատական համագործակցության մասին ընթացիկ զեկույցը հնչում էր մայիսի 28-ին` հայոց անկախության օրը` ձեր երկուսի մասնակցությամբ, ապա գոնե «գեղարվեստի»-սիմվոլիկայի առումով բավականին հետաքրքիր ալգոռիթմ ենք ունենում:

-Պետք չէ Բրյուսելը պահել «նշանակետի» տակ: Ընդհանրապես, մեր արտաքին քաղաքականությունն առաջիկայում շատ է ակտիվանալու ոչ միայն դեպ Բրյուսել, այլև՝ երկկողմանի, տարածաշրջանային, բազմակողմանի բոլոր վեկտորներով լինելու են փոխայցելություններ, հանդիպումներ, պայմանավորվածություններ:

-Կարո՞ղ եմ եզրակացնել, որ մեր արտաքաղաքական օրակարգի ֆորմատը փոփոխվում է: Մինչ այս չարչրկված կոմպլեմենտարիզմն էր: Իսկ հիմա՞:

-Առաջին հերթին ես կարող եմ խոսել արտաքին քաղաքականության օրակարգի շարունակականության մասին: Իհարկե, որոշ շեշտադրումներ պետք է փոխվեն ժամանակի պահանջին համապատասխան, այնուհանդերձ, գլխավոր ուղղությունները մնալու են նույնը:

-Ո՞ր շեշտադրումները:

-Մեկ այլ առիթով առավել ծավալուն կանդրադառնանք այդ հարցին։ Այս պահին թույլ տվեք հղում կատարել իմ ելույթին, որն ունեցա Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ առաջին հանդիպմանը (այն ԱԳՆ կայքում է):

-Եվ այնուհանդերձ, պարոն Նալբանդյան, եթե ոչ պաշտոնական Մոսկվան բացեիբաց, ապա հաստատապես Կրեմլի կողմից վերահսկվող լրատվամիջոցները խոշոր խանդով են վերաբերվում «մեր» բրյուսելյան այցերին, առիթը չեն փախցնում ամրագրելու, որ վերջին շրջանում Հայաստանը յոթ մղոնանց քայլերով շտապում է դեպ ՆԱՏՕ:

-Գիտե՞ք, մամուլը թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ երկրներում կարող է տարբեր մոտեցումներ ունենալ, մեկնաբանություններ կատարել: Պարզ է մեկ բան. Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դաշնակցային են, որն էլ եթե ոչ ամեն ինչ, ապա հաստատապես շատ բան է ասում:

-Յոթ մղոնանոց քայլերով ՆԱՏՕ... ափսո՜ս:

-Արդեն ասացի. Ալյանսի հետ մենք համագործակցում ենք անհատական գործակցության սկզբունքով, և մեր քայլերը բավականին դրական են գնահատվում: Մենք, իհարկե, մտադիր ենք շարունակել այդ գործակցությունը:

-Ի դեպ, մայիսի 28-ի բրյուսելյան Ձեր այցի ժամանակ խոսվել է նաև Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ անհատական համագործակցության ընդլայնման մասին. ի՞նչ է դա նկատառում:

-Գիտե՞ք, երկրները, որոնք այդ նույն ձևաչափով համագործակցում են Ալյանսի հետ, իհարկե, փորձում են զարգացնել, ընդլայնել այդ համագործակցությունը: Այդ թվում և Ռուսաստանը, որն ունի համապատասխան գործակցություն ՆԱՏՕ-ի հետ: Եվ ես որևէ խնդիր չեմ տեսնում` հակադրելու ՆԱՏՕ-ն Ռուսաստանին: Երկրորդեմ. Ռուսաստանի հետ, մենք, այո, ունենք դաշնակցային հարաբերություններ, ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի զարգացնենք մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, մեր գլխավոր ուղղություններից է նաև եվրոպական համագործակցությունը, որի ուղղությամբ նույնպես արդյունավետ քայլեր ենք կատարում... կարելի է երկար շարունակել:

-Բայց Միացյալ Նահանգների հետ կարծես թե նույնպես տարընթերցում ունեցանք` նախագահական ընտրությունների հետ կապված. սիմվոլիկ ասած` «նե դուխո, նե սլուխո»` Հայաստանի նոր նախագահի առնչությամբ:

-Հղում կատարեմ ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի վերջին զեկույցին, ուր արտահայտված է նաև դիտորդական առաքելությունների կարծիքը. իսկ ԺՄԻԳ-ի ընդհանուր առաքելության մեջ կային բազմաթիվ` մոտ երեք տասնյակ ամերիկացի անդամներ: Հիշենք, որ զեկույցն արձանագրում է. չնայած որոշ բացերին և թերություններին, հայաստանյան նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանում են եվրոպական չափանիշերին: Ասեմ նաև, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բարելավենք ընտրական համակարգը, շտկենք նկատված բացթողումները:

-Բայց «հիմնական համապատասխանությունը» կարծես վերաբերում էր նախընտրական և բուն ընտրական փուլերին, հետընտրականի վրա չէր տարածվում:

-Ո՛չ, այդպես չէ. զեկույցում ասվում է` «հիմնականում համապատասխանում են այն պարտավորություններին, որոնք ստանձնել է Հայաստանը միջազգային կառույցների առջև»: Նաև ասվում է` այդ ընտրություններն առաջընթաց էին` համեմատած նախորդ նախագահական ընտրությունների հետ: Եվ եթե դուք որևէ կասկած ունեք, վերցրեք փաստաթուղթը և նայեք:

-Իսկ մենք կատարո՞ւմ ենք ԵԽԽՎ բանաձևի պահանջները` ըստ Ձեզ: Ասենք քաղբանտարկյալների, չէ, դիվանագիտորեն ձևակերպեմ` քաղաքական գործիչներին...

-Նման ձևակերպումներ բանաձևում չկան. խոսքը համապատասխան առաջարկների մասին է, որոնք արվել են ԵԽԽՎ-ի կողմից: Մենք ոչ միայն ամենայն լրջությամբ ուսումնասիրում ենք այդ առաջարկները, այլև, ինքներդ գիտեք, աշխատանքային խումբ է ստեղծված, և բավականին առաջընթաց կա` առաջարկների կատարման ուղղությամբ:

-Ձեր կոլեգա Ալիկ Արզումանյանը նույնպես ձերբակալված է։ Ի՞նչ եք կարծում` նա քաղբանտարկյա՞լ է, թե`...

-.... Ուշանում եմ հանդիպումից:

Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 6715

Մեկնաբանություններ